Scholae Mundi-ի և Շոտլանդիայի համանուն կալվածքում տեղակայված ուսումնական Դամֆրիս Հաուս կենտրոնի միջև համագործակցությունը ենթադրում է աջակցություն UWC Dilijan College-ի և Դամֆրիս Հաուսի համատեղ կրթական ծրագրին: Համագործակցությունը ներառում է երկու հիմնական նախագիծ՝ կալվածքի շինություններից մեկի վերականգնում և UWC Dilijan-ի ու Դիլիջանի դպրոցների ուսանողների համար տասը տարվա ընթացքում Դամֆրիս Հաուսի կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորության ստեղծում։
Դամֆրիս Հաուսի հնամենի կալվածքի վերականգնման (ռեստավրացիայի) նախագիծը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնի անձնական հովանու ներքո է գտնվում: Ճարտարապետական այս հուշարձանը ծրագրի շրջանակում ոչ միայն վերականգնվել է, այլև վերածվել ուսումնական կենտրոնի: Scholae Mundi հիմնադրամը կարևոր է համարում աջակցել աշխարհում կրթական նախագծերի զարգացմանը և կապեր հաստատել ուսումնական տարբեր կենտրոնների միջև, որպեսզի այլ երկրների ուսանողներին հնարավորություն ընձեռի ստանալ գլոբալ, բազմակողմանի կրթություն և արդեն պատանեկան տարիներից անձնական կապեր հաստատել:
Դամֆրիս Հաուսի և Scholae Mundi-ի բարեգործական հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակներում միջոցներ էին հատկացվել Դամֆրիս Հաուսի կալվածքներից մեկի շինության վերականգնման համար, որը ստացել էր «Դիլիջան» անվանումը՝ ի նշան Հայաստանի UWC Dilijan College-ին աջակցության: Շենքն ունի 16 սենյակ, որտեղ կանգ են առնում կալվածքի հյուրերը: Յուրաքանչյուր սենյակ կրում է Scholae Mundi-ի՝ նախագծին մասնակցած դոնորներից մեկի անունը:
Նախագծի արժեքը 2,2 միլիոն դոլար է:
Դամֆրիս Հաուսի ևScholae Mundi բարեգործական հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակներում Դամֆրիս Հաուս կրթական կենտրոնը հնարավորություն է ընձեռումUWC Dilijan College-ի և հայկական այլ դպրոցների սովորողներին տասը տարվա ընթացքում տարին մեկ անգամ մասնակցել կենտրոնի կազմակերպած կրթական դասընթացներին:
Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Դամֆրիս Հաուս հնամենի կալվածքը կառուցված է հանրաճանաչ ճարտարապետ Ռոբերտ Ադամի և նրա եղբայրների կողմից ու իրավունք ունի հպարտանալ անգլիական ռոկոկոյի շրջանի կահույքի անգերազանցելի իր հավաքածուով, որում ընդգրկված են Թոմաս Չիպենդեյլի, Ալեքսանդր Պետերի, Ֆրենսիս Բրոդիի և Ուիլյամ Մետիի աշխատանքները: Կառուցված լինելով 1754-1759 թվականներին, Դեմֆրիսի հինգերորդ կոմս Ուիլյամ Դալրիմպլայի համար, կալվածքն իրենից ներկայացնում է 18-րդ դարից մեզ հասած «ժամանակի պատիճ», այլ կերպ ասած՝ հաջորդ սերունդներին փոխանցված ուղերձ. 250 տարիների ընթացքում հիմնական սենյակներն ու դրանց դասավորությունը գործնականում անփոփոխ է մնացել:
Ռոբերտ Բըրնսի ծննդավայրում՝ Էյրշիր կոմսությունում տեղակայված Դամֆրիս Հաուսն ունի բանաստեղծական ու ռոմանտիկ պատմություն: Կոմս Դամֆրիսը տունը կահավորում է շքեղ կահույքով ու զարդարում արվեստի գործերով, որպեսզի իրենց գեղեցիկ բներով էրիկ թռչուններին գրավող մարիների պես՝ ինքն էլ համապատասխան կին գտնի: 1792 թվականին նա ամուսնանում է Էնն Դաֆֆի հետ:
Այդ ժամանակից ի վեր Դամֆրիս Հաուսը դառնում է մասնավոր տուն: Ինչպես յուրաքանչյուր այլ տանը, այստեղ ապրել են իրենց կացարանը սիրող ընտանիքներ: Այսօր Դամֆրիս Հաուսը բաց է այցելուների առաջ: Նրանք, ովքեր անտարբեր չեն Մեծ Բրիտանիայի մշակույթի ու ճարտարապետության հանդեպ, կարող են այցելել կալվածք ու ծանոթանալ նրա 250-ամյա պատմությանը, տեսնել հյուրասենյակների, ճաշասենյակների ու ննջարանների շքեղ դասավորությունը, իրենց համար բացահայտել բնակիչների կյանքի ինտրիգային դետալները, ինչպիսին է ադամանդե մատանիով լուսամուտի ապակու վրա քերծած սիրո խոստովանությունը կամ գաղտնի դուռը՝ գոբելեններից մեկի ետևում, և հնարավոր է անգամ հանդիպել ուրվականի, առանց որի «անհնար է» պատկերացնել դարավոր կալվածքները։